Նարիի կարիերան սկսվել է 2004 թվականին: Բացի հեղինակային երգեր կատարելուց նա նաև հեղինակ է հայկական շոու-բիզնեսի սիրելի արտիստների կողմից կատարվող շատ երգերի: Նրա յուրաքանչյուր երգ «դատապարտված» է հիթ դառնալու, և դրանցից ամեն մեկը տարեց տարի հաջողություն է բերել Նարիին: Ստեղծագործական գործունեության առաջին տարիներին գրվեց «Քոնն եմ» երգը, որը կատարեց հայտնի երգչուհի Լիանան, և որը Ռադիո Վանը ճանաչեց տարվա լավագույն հիթ, իսկ հետագայում այն դարձավ «Ներիր» հեռուստանովելի սաունդթերք: Այնուհետ հետևեց Նարիի նոր հիթը՝ «Օր է, թե ցերեկ», որի կատարման համար երգչուհի Լիանան «Դար 21-ից» ստացավ «Տարվա լավագույն երգչուհի» կոչումը: Հետագայում Նարին ևս մեկ հիթ թողարկեց, որն առաջին հորիզոնականը զբաղեցրեց երկրի բոլոր հիթ-շքերթներում, կրկին Լիանային կատարմամբ: Այդ երգը դարձավ «Հանուն սիրո» հեռուստանովելի սաունդթրեքը: Լիանայի կատարմամբ հիթերի շարքը համալրեց «Քեզ» երգը, որը Լիանան կատարեց Նարիի հետ զուգերգով: Հենց այդ երգի տեսահոլովակն էլ Նարիին՝ որպես երգչուհի համբավ բերեց: Յուրաքանչյուր նոր երգ և տեսահոլովակ Նարիին էլ ավելի հաջողություններ էր բերում: Դրանց թվում են՝ «Երջանիկ ընտանիք», «Բարև, բալես», «Քո կողքին», իսկ Նարիի այցեքարտն ու հաջողության թալիսմանը դարձավ մի երգ, որը ռեկորդային ժամանակահատվածում առաջին հորիզոնականները նվաճեց երկրի բոլոր հիթ-շքերթներում՝ «Մայրիկ»:
Ամենավերջին աշխատանքը, որը Նարին հանձնել է հանդիսատեսի դատին, «Սիրում եմ» երգի տեսահոլովակն է, որը նկարահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այն առաջին տեսահոլովակն է հայկական շոու-բիզնեսում, որը նկարահանվել է Ալեքսի կինոոսպնյակներով, որի օպերատորը Կոկո Բուջակչյանն է՝ «Առաքելությունն անիրագործելի է 4» ֆիլմի օպերատորը:
2014 թվականին Երևանի ֆիլհարմոնիայում կայացավ «Շանսոն» համերգը, որը հանդիսատեսների մոտ բուռն արձագանք առաջացրեց:
2015 թվականին կայացավ Նարիի, Անչոկի ու Սոսո Պավլիաշվիլիի մեծ համերգը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի ընթացքում երգիչները ներկայացրին հանդիսատեսի կողմից ամենասիրելի հիթերը:
Իր ամբողջ գործունեության ընթացքում Նարին դարձել է բազմաթիվ հիթերի հեղինակ, որոնք ևս առաջին հորիզոնականն են զբաղեցրել հիթ-շքերթներում. առաջին տեղ ազգային հեռուստատեսությամբ՝ Անչոկ՝ «Մի պատմություն», Անչոկ՝ «Քանի հոգիս գիտե սիրել», «Ներել», «Իմ երազանք», Գոհար Հովհաննիսյան՝ «Սիրտս չեմ տա ուրիշին», Էրիկ Մակարյան՝ «Չեմ հավատում»: Նարիի «Տուր քո սերը ինձ» երգով Նունե Եսայանը հանդես եկավ Կրեմլում տեղի ունեցող ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխությանը:
Ներկայում Նարին ունի երեք ձայնասկավառակ՝ «Նարի Հարությունյան», «Ամբողջ մի կյանք» և «Սիրում եմ»: Տեսահոլովակների ընդհանուր թիվը յոթն է: Նարիի արխիվում պահվում է ավելի քան 70 երգ:
2016 թվականին Նարիի «Մայրիկ» երգը ներառվել է հատընտիր երգերի հայկական ժողովածուում:
Լիանայի և օպերային երգիչ Հովհաննես Նազարյանի զուգերգը հայկական էստրադայի առաջին փորձն է օպերային արվեստի հետ: Նրանց կատարմամբ «Historia De Amore» երգը գրել է Նարին:
Նարին մասնակցել և ներկայում էլ մասնակցում է բազմաթիվ բարեգործական համերգների ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի շրջաններում:
Նարիի երգերը գրավել են բազմաթիվ ունկնդիրների սրտերն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ դյութիչ հնչյունների ու Նարիի գայթակղիչ ձայնի շնորհիվ: Նրա երգերն առանձնանում են մեղեդայնությամբ, իսկ բառերն ունեն խոր իմաստ ու կյանքի փիլիսոփայություն, որոնք հաճախ ունակ են բարենպաստ փոփոխությունների հանգեցնել մարդու կյանքում: